Սեյրան Օհանյանն այցելել է Արցախ

21:59     21 մարտի, 2015

Մարտի 21-ին աշխատանքային այցով Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է արցախա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, տեղում ծանոթացել է մարտի 19-ի դիվերսիայի մանրամասներին, զրուցել է հակառակորդին հետ շպրտելու գործողությանը մասնակցած զինծառայողների և հրամկազմի հետ, հաղորդում է razm.info-ն:

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ քննարկել է արցախա-ադրբեջանական սահմանագոտու օպերատիվ իրավիճակը, հակառակորդի սադրանքների կանխարգելմանը և համարժեք հակահարված հասցնելուն առնչվող հարցեր:

Սեյրան Օհանյանը այցելել է նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և հանդիպել մարտի 19-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ծնողներին, հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:

Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին։ Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:


© armedia.am