ASEAN երկրները ստեղծել են միասնական բանկային կառույց

13:15     23 մարտի, 2015

Օրերս տեղի է ունեցել ASEAN (Հարավ-արևելյան Ասիայի երկրների ընկերակցություն) երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների հանդիպումը Կուալա-Լումպուրում: Արդյունքում որոշվել է ավարտել ASEAN-ի բանկային ենթակառուցվածքի ինտեգրացիան, ինչի գլխավոր նպատակը համալիր բանկային շուկայի ստեղծումն է:

ASEAN-ի միասնական բանկային ենթակառուցվածքի մասին որոշումն ընդունվել էր դեռ 2007-ին` մեկնարկային տարի նշելով 2015-ը, ինչն էլ կատարվեց: Այդ ենթակառուցվածքը նախատեսված է տարածաշրջանային ֆինանսային համակարգի անխափան աշխատանքի համար, ինչը կնպաստի տարածաշրջանում առևտրի և ներդրումային հոսքերի ընդլայնմանը:

ASEAN-ի տնտեսության զարգացումը նշում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը և Ասիական զարգացման բանկը: Տնտեսության աճ է դիտարկվել գլոբալ մասշտաբով կենսամակարդակի անկման և տնտեսական անկայունության պայմաններում: Նախատեսվում է, որ այս տարածաշրջանում 2015թ. տնտեսական աճը կկազմի 5,0%` նախորդ տարվա 4,4%-ի համեմատ: Դրա համար կիրականացվի համապատասխան դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն:

Հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնվել նաև Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB), որը կարող է ֆինանսավորման ավելի շատ հնարավորություններ առաջարկել ASEAN երկրներին: Նշենք, որ այս երկրներից շատերը AIIB-ի հիմնադիրներ են հանդիսանում:

Ինչ վերաբերում է ASEAN-ի միասնական արժույթին, ապա այդ նպատակը դեռ չի հետապնդվի, քանի որ տարածաշրջանը շատ բազմազան է: Ի տարբերություն ASEAN-ի, ինչպես նշում է FTimes.ru-ն, Եվրասիական տնտեսական միությունը բավականին լրջորեն է վերաբերվում միասնական միջպետական արժույթ ստեղծելու հարցին:


© armedia.am