«Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն Մոսկվայի և Ցխինվալիի միջև պայմանագրի ստորագրման ողջ պատասխանատվությունը դնում է իշխանությունների վրա:
Ըստ նրա՝ Վրաստանի իշխանությունները ոչինչ չեն արել, որպեսզի բանակցություններ սկսեն Ռուսաստանի հետ՝ Սուխումիի և Ցխինվալիի հետ դաշնակցության պայմանագրի ստորագրման գործընթացի կասեցման նպատակով:
Ինչպես ասուլիսի ժամանակ նշել է Բուրջանաձեն, այդ փաստթուղթը Վրաստանի համար պարունակում է լուրջ խնդիրներ և «ավելի է հեռացնում Աբխազիան և Ցխինվալիի շրջանը»:
«Վերջին շրջանում Վրաստանի գիտակից բնակչությունը և միջազգային հանրությունից այն անձինք, ովքեր ուշադիր հետևում են իրադարձություններին, դարձել են մեր կառավարության և ընդդիմադիր մի շարք կուսակցությունների հիմարության ականատեսը, քանի որ նրանք աչքերը փակում են առկա խնդիրների վրա, վարում են պարտվողական քաղաքականություն՝ այն արդարացնելով արևմտյան արժեքներով: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, եթե մեր կառավարությունը իրական քայլեր ձեռնարկեր Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու ուղղությամբ, եթե կայանար Վրաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև նախնական հանդիպում, եթե բանակցություններ սկսվեին Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ, այժմ կլիներ բացարձակ այլ իրականություն և այդ պայմանագրերը չէին կնքվի»,- հայտարարել է Նինո Բուրջանաձեն:
Ըստ նրա՝ որքան երկար այսպես շարունակվի, այնքան կիմաստազրկվի երկխոսությունը, քանի որ այլևս քննարկելու որևէ բան չի լինի: