Իսրայելի նախագահ Ռովեն Ռիվլին մարտի 22-ին սկսել է Իսրայելի նոր վարչապետին նշանակելու շուրջ խորհրդատվություններն երկրի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Նախատեսվում է, որ մարտի 25-ին՝ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո նա կհայտնի Իսրայելի նոր վարչապետի անունը, ով պետք է ձևավորի կառավարությունը։
Նոր կառավարության ձևավորումը կարող է տևել 6 շաբաթ։
Նեթանյահուի գլխավորած Լիկուդ կուսակցության վճռական հաղթանակից հետո այլևս կասկածներ չկան, որ նոր վարչապետ կնշանակվի հենց նա։ Սակայն Կնեսեթում մեծամասնություն ունենալու համար Նեթանյահուին չի բավարարում ևս տասը տեղ։
Լիկուդի ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ մտադիր են պահպանել իշխանության երկու գլխավոր՝ պաշտպանության նախարարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ Լիկուդը կփորձի նաև վերահսկողություն սահմանել տնտեսական քաղաքականությունն իրականացնող նախարարությունների վրա, որպեսզի խուսափի 2014թ․ զարգացումներից։