Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին մարտի 23-ին հնգօրյա այցով մեկնում է ԱՄՆ քննարկելու ամերիկյան ռազմական ներկայությունը, Աֆղանստանին տրամադրվող օգնության շարունակությունը և մյուս բոլոր առավելությունները, որոնք աֆղանական կառավարությունը ստանում է Վաշինգտոնից: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Աֆղանստանի նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի շրջանակներում Ղանին հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերիի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ակնկալվում է, որ այցի առանցքային կետը լինելու է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը հետաձգելու մասին Վաշինգտոնի որոշումը, ինչպես նաև աֆղանական կառավարությանը տրամադրվող ամերիկյան ֆինանսական օգնությունը:
Այցից առաջ Աֆղանստանի նախագահը հանդես է եկել երկրում ամերիկյան զորքերի ներկայության ժամկետների երկարաձգման օգտին՝ պնդելով, որ դա Աֆղանստանի բնակչության մեծամասնության ցանկությունն է: Այս մասին նա հայտնել է NPR-ին տված հարցազրույցի ժամանակ։ Ղանին նշել է, որ պատկերացումներն այն մասին, որ Աֆղանստանի բնակչությունը դեմ է երկրում ամերիկյան զորքերի ներկայությանը, չեն համապատասխանում իրականությանը։ «Աֆղանստանի քաղաքացիները գտնում են, որ Միացյալ Նահանգները որոշիչ դեր ունեն իրենց ապագայի համար», - հայտարարել է Ղանին։
Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերին Աֆղանստանն ու ԱՄՆ-ը Քաբուլում անվտանգության մասին պայմանագիր ստորագրեցին, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ զինված ուժերին մնալ Աֆղանստանի տարածքում նաև 2014 թվականից հետո: Խոսքը գնում է գրեթե 10 000 ամերիկյան զինծառայողների մասին, ովքեր օգնելու են աֆղանական ուժային կառույցներին ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև զբաղվելու են տեղի զինվորականների վերապատրաստմամբ: Օբաման նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ը մտադիր է աստիճանաբար նվազեցնել ամերիկյան ռազմական ներգրավվածությունն Աֆղանստանում: Նա նշեց, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Աֆղանստանից 2016 թվականի վերջին՝ իր նախագահական լիազորությունների ավարտից կարճ ժամանակ անց: Իսկ 2016 թվականից հետո ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե 1000 զինծառայող թողնել աֆղանական անվտանգության ծառայությունում: