Պաշտոնական հաղորդագրության համաձայն զենք-զինամթերքը մարտական հենակետում թողած ու հակառակորդի կողմն անցած Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն սկսել է բանակցությունները ադրբեջանական կողմի հետ։ Նրա մասին տեղեկատվություն, սակայն, այս պահին կոմիտեի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին չի հայտնում։
«Մենք բանակցում ենք, մենք երկխոսության մեջ ենք։ Էս պահին միայն գիտենք, որ նման միջադեպ տեղի է ունեցել, և անմիջապես խոսում ենք իշխանությունների հետ, հիմա մյուս փուլը արդեն՝ մնացած հարցերը, հուսանք», - ասաց Զառա Ամատունին:
Երեկ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հակառակորդի կողմն անցած Անդրանիկ Գրիգորյանի մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակում նաև ադրբեջանական աղբյուրները։
Ղարաբաղի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց նաև մեկ զոհի մասին․ ըստ պաշտոնական հաղորդագրության, 23-ամյա զինծառայող Հայկ Մարգարյանը հանկարծամահ է եղել՝ դեռևս չպարզված հանգամանքներում։
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ այս դեպքերը որևէ առընչություն չունեն օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված լարվածության հետ, որի հետևանքով հայկական կողմում 3 զինվոր զոհվել էր, 4-ը՝ վիրավորվել։
Երկու դեպքի մասով էլ այս պահին քննություն է ընթանում: