Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր ցերեկը Բեռլինում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների բազմակողմ հարաբերությունները: Հանդիպումները դեռևս շարունակվելու են հաջորդ 5 օրերի ընթացքում:
Ցիպրասի հանդիպման կարևորությունն իր ամենախոշոր պարտատիրոջ հետ կայանում է նրանում, որ վարչապետը վերջնական որոշում պետք է կայացնի` մնալ եվրագոտում, թե դուրս գալ: Կառավարությունը պետք է վերանայի իր ծրագրերը, քանի որ երկարաժամկետ ֆինանսական աջակցության անհապաղ կարիք ունի:
Հունաստանն ունի մի շարք ներքին և արտաքին խնդիրներ: Այն դուրս է մղվել կապիտալի շուկայից և բյուջեյի բավականին մեծ ճեղք ունի: Մինչև շաբաթվա վերջ կառավարությունը պետք է 1.5 միլիարդ եվրոյի թոշակ և աշխատավարձ վճարի: Կան մտավախություններ, որ մինչև ամսվա վերջ երկրում արժույթի հոսքը կդադարի: Ցիպրասը մինչև հանդիպումը Մերկելին նամակ է գրել` նշելով, որ անհնար է արտաքին պարտքի մարումն առանց կարճաժամկետ ֆինանսական աջակցության (աղբյուրը՝ Bloomberg.com):
Պետք է նաև նշել, որ Հունաստանի կառավարությունն ավելի քան 100 միլիոն եվրոյի փոխհատուցում է պահանջում Գերմանիայից երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից երկրին հասցված կորուստների դիմաց (աղբյուրը՝ dnaindia.com): Այսօր Բեռլինում հանդիպման ժամանակ Գերմանիայի Արտաքին գործերի նախարարի խոսնակը Ցիպրասին ասել է, որ փոխհատուցման մասին պահանջները քաղաքականապես և իրավաբանորեն փակված հարցեր են:
Հունաստանը տնտեսապես շատ ծանր վիճակում է, քանի որ ավելացել են ոչ միայն արտաքին պարքի ծավալները, այլ նաև ներքին՝ աշխատավարձեր, թոշակներ, նպաստներ և այլն: Կարելի է ասել՝ ներքին պարտքի հաշվին մեծանում է արտաքին պարտքը, քանի որ երկիրը ֆինանսական հոսքերից դուրս չմնալու պատճառով վարկեր է վերցնում իր եվրոպացի գործընկերներից, ինչն էլ հանգեցնում է ֆինանսական ճգնաժամի խորացման:
Խյնդիրը լուծում ունի, սակայն այն երկարաժամկետ է: Եվրոպայի օգնությունը Հունաստանին կլինի ոչ թե վարկեր տալը և պարտքը մեծացնելը, այլ երկրում ներդրումներ կատարելը՝ զարգացնելու համար արդյունաբերական մի շարք ոլորտներ, ինչը կօգնի տնտեսությանը վերականգնվել: Մինչդեռ, անընդհատ վարկեր տրամադրելով, ԵՄ-ն Հունաստանը պահում է մշտապես իրենից կախյալ վիճակում: