Եգիպտոս-Եթովպիա-Սուդան. Եռակողմ ջրային համաձայնագիր

15:18     24 մարտի, 2015

Եգիպտոսը, Եթովպիան և Սուդանը երկարատև բանակցություններից հետո Նեղոսի ջրերի համատեղ օգտագործման սկզբունքների մասին հռչակագիր են ստորագրել՝ ճանապարհ հարթելով ջրային տարաձայնությունների լուծման համար: Ինչպես տեղեկացնում է եգիպտական Al-Ahram օրաթերթը, համաձայնության մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

Նշենք, որ Եթովպիայի կողմից Նեղոսի երկու խոշոր վտակներից մեկի՝ Կապույտ Նեղոսի վրա Աֆրիկայի խոշորագույն հիդրոէլեկտրակայանի՝ "Վերածնունդ մեծ ամբարտակի" կառուցումը լրջագույն տարաձայնություններ էր հարուցել Եգիպտոսի և Եթովպիայի միջև: Եգիպտական իշխանությունները հայտարարում էին, որ պատրաստ են հարգել զարգացման ուղղությամբ գործադրվող եթովպիական ջանքերը, քանի դեռ դրանք բացասաբար չեն ազդում Եգիպտոսի շահերի վրա: Եգիպտոսը պահանջում էր, որ ամբարտակի կառուցումը  բացասաբար չանդրադառնա Եգիպտոսի ջրային քվոտայի վրա: Վեճի կարգավորման համար ստեղծվեց եռակողմ հանձնաժողով Եգիպտոսի, Եթովպիայի և Սուդանի միջև, որի վրա ևս անդրադառնալու է ջրամբարի կառուցումը:

Եգիպտոսի համար Նեղոսը կենսական նշանակություն ունի. 1959 թվականին կնքված եգիպտա-սուդանական պայմանագրի համաձայն՝ Եգիպտոսը Նեղոսից տարեկան օգտագործում է 55,5 մլրդ խորանարդ մետր ջուր, որի մեծ մասն ապահովում է Կապույտ Նեղոսը: Սուդանին այս նույն պայմանագրով բաժին է ընկնում 18,5 մլրդ խ/մ ջուր: Ավելին՝ Եգիպտոսի ազգային պլանավորման ինստիտուտի հաշվարկների համաձայն՝ 2050 թվականին երկրի աճող բնակչության պահանջները բավարարելու համար Եգիպտոսը տարեկան հավելյալ 21 մլրդ խ/մ ջրի կարիք է ունենալու: Նեղոսին բաժին է ընկնում Եգիպտոսում օգտագործվող քաղցրահամ ջրի 85%-ը, մինչդեռ Նեղոսի ջրերի 95%-ը հոսում է վերին հոսքի երկրներից՝ Սուդանից, Եթովպիայից, Քենիայից, Ուգանդայից, Ռուանդայից, Բուրունդիից, Տանզանիայից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից և Էրիթրեայից: Մյուս կողմից էլ ջրամբարի կառուցումը հսկայական նշանակություն ունի Եթովպիայի համար, քանի որ երկրի բնակչություն գրեթե 80 տոկոսը զրկված է էլեկտրաէներգիայից:

Հռչակագրի ստորագրումից հետո Եթովպիայի վարչապետը վստահեցրել է, որ "Վերածնունդ մեծ ամբարտակի" կառուցումը որևէ վնաս չի հասցնելու 3 երկրների, այդ թվում նաև Եգիպտոսի շահերին: Սուդանի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ այս հռչակագիրը ճանապարհ է հարթում Նեղոսի գետավազանի բոլոր երկրների միջև առավել լայն համաձայնագրի կնքման համար:


© armedia.am