Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլյունքը ԱՄՆ կատարած այցելության ժամանակ հանդիպել է իսլամական տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ Թուրքիան պետք է համագործակցի ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանների հետ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, իրեն միայնակ չզգալու համար։ Տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
«Մենք ամեն տարվա ապրիլի 24-ին մեզ միայնակ ենք զգացել 1915 թվականի իրադարձությունների շուրջ հայկական պնդումների դեմ պայքարելիս, և դա այն պատճառով, որ կապ չենք ստեղծել, չենք աշխատել ԱՄՆ-ում բնակվող միլիոնավոր մուսուլմանների հետ»,- ընդգծել է Քյուլյունքը՝ կարևորելով իսլամական համայնքների հետ համագործակցությունն ու երկխոսությունը։
Նշենք, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն Ցեղասպանության թեմայով տարբեր քաղաքական, գիտական, մշակութային բնույթի միջոցառումներ է կազմակերպում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Թուրքիայից դուրս։ Այդ միջոցառումների նպատակն է Հայոց ցեղասպանության ժխտումը։