Դեկտեմբերի 9–ը կնշվի որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

14:10     25 մարտի, 2015

ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն` դեկտեմբերի 9–ին երկրում կնշվի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը, հայտնում է Arka գործակալությունը։ 

Ինչպես նշվում է լրացումների հիմնավորման մեջ, օրենքի լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին։ 

Օրինագծի համահեղինակներն են` ՀՀԿ–ից պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Շիրակ Թորոսյանը, ինչպես նաև «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանն ու Ալեքսանդր Արզումանյանը։ 


© armedia.am