Սաուդյան Արաբիան ներքաշվում է Եմենի հակամարտության մեջ

15:21     25 մարտի, 2015

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև հրետանի է կենտրոնացնում Եմենի հետ իր սահմանի վրա: Այս ռազմատեխնիկան կարող է օգտագործվել ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանողական նպատակներով: Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության իր աղբյուրներին, հայտնում է, որ Եմենի հետ սահմանի վրա Սաուդյան Արաբիայի կողմից ռազմական տեխնիկայի կուտակումը «աննախադեպ» բնույթ է կրում: Բացի այդ, սաուդական իշխանությունները կարող են նաև ավիահարվածներ իրականացնել շիական Խոուսի շարժման կողմից մայրաքաղաք Սանայից արտաքսված Եմենի նախագահին պաշտպանելու համար, ով այժմ գտնվում է Եմենի հարավային Ադեն քաղաքում:

Հիշեցնենք, որ նախօրեին Եմենի նախագահ Ա. Մ. Հադին կոչ արեց Պարսից ծոցի արաբական միապետություններին ռազմական միջամտություն սկսել, քանի որ նրա կարծիքով միայն սուննիական միապետությունների ներխուժումը կարող է կանգնեցնել շիա խոուսիտների առաջխաղացումը դեպի երկրի հարավային շրջաններ: Եմենի նախագահը «շտապ միջամտության» խնդրանքով դիմել է նաև ՄԱԿ-ին՝ կոչ անելով դիմագրավել բռնությանը և աջակցել օրինական իշխանությանը:

Շիա խոսուսիտների ձևավորած Հեղափոխական խորհուրդը, մայրաքաղաքում երկրի նախագահին և կառավարությանը իշխանությունից հեռացնելուց հետո, գրավել է մեծությամբ երկրի երրորդ քաղաքը՝ Թաիզը, և նրա հարևանությամբ գտնվող օդանավակայանը: Լրատվամիջոցները հաղորդում են, որ խոուսիտները շարժվում են հարավային Ադեն քաղաքի ուղղությամբ, ուր ավելի վաղ տեղափոխվել էին դիվանագիտական ներկայացուցչություններն ու կառավարությունը:

Մասնագետները կարծում են, որ Եմենը նոր մարտադաշտ է դարձել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև:  Որոշ տվյալների համաձայն, հենց Իրանն է աջակցում շիա խոսուսիտներին, թեև իրանցի գործիչները բազմիցս հերքել են այս մեղադրանքները: Սաուդյան Արաբիան խոուսիտների գործողություններին պատասխանում է զանգվածային ահաբեկչություններով և երկրում Ալ-Կաիդայի գործունեության ակտիվացմամբ:

Նախորդ շաբաթ Էլ-Ռիյադը հյուրընկալել էր Ծոցի իր հարևաններին, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին Հադիին՝ որպես Եմենի օրինական նախագահ, և խոստացան ջանքեր գործադրել Եմենում կայունությունն ապահովելու համար: Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը զգուշացրեց, որ եթե խաղաղ լուծում չգտնվի, արաբական երկրները համապատասխան քայլեր կձեռնարկեն տարածաշրջանը Խոուսի շարժման ագրեսիայից պաշտպանելու համար:

Սաուդյան Արաբիայի ուղղակի մասնակցությունը Եմենի ճգնաժամին կարող է էլ ավելի սրել առանց այն էլ լարված մերձավորարևելյան իրադրությունը:


© armedia.am