Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունն ամփոփել են Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքներն ու հայտարարված երեք մրցույթի հաղթողներին, հաղորդում է panorama.am-ը:
Փառատոնի շրջանակում Beeline–ի հետ համատեղ հայտարարվել էր փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների, «Սիրո լավագույն հաղորդագրություն» և «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթները:
Փառատոնային ֆիլմերի այլընտրանքային պաստառների մրցույթին ներկայացված 23 աշխատանքներից հաղթող ճանաչվեցին Հրաչյա Հակոբյանի («Նմանակման խաղ»), Սրբուհի Աչոյանի («Անտեսանելի կինը») և Զինա Գրիգորյանի («Վիրունգա») աշխատանքները:
«Սիրո լավագույն հաղորդագրություն» մրցույթում հաղթող ճանաչվեցին առավելագույն քվե հավաքած մասնակիցներ Հայկ Մարգարյանը, Սամվել Վարդանյանը, Աննա Անդրեասյանը և Լուսինե Մեհրաբյանը, ովքեր Beeline–ի կողմից պարգևատրվեցին Beeline Smart հեռախոսներով, իսկ Բրիտանական խոհուրդը Սուսաննա Հարությունյանին, Անի Ամիրխանյանին և Լևոն Եսայանին տրամադրեց խրախուսական մրցանակներ:
«Սիրո ուժը» լուսանկարների մրցույթին ներկայացվել էր 106 հեղինակային լուսանկար: Հաշվի առնելով գաղափարի յուրահատկությունը և լուսանկարի մասնագիտական կատարումը` մրցույթում հաղթող ճանաչվեց երեք մասնակից`Մերի Բայաթյանը, Քրիստինա Դանիելյանը և Ռաֆայել Մելիք-Իսրայելյանը: