Ռուսաստանը ԵՏՄ-ին անդամակցության շրջանակներում 47 մլն դոլար կհատկացնի Հայաստանին

10:11     27 մարտի, 2015

Մարտի 26-ին կառավարության նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև «ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«Փաստաթղթով, մասնավորապես, ռուսական կողմը նախատեսում է ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի շրջանակում Հայաստանի պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանին անհատույց օժանդակություն տրամադրել 47 միլիոն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) և 130 միլիոն ռուբլու չափով երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015 թվականից», - ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

«Ռուսական կողմն այդ գումարներով Հայաստանին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ ռուսական կողմը կազմակերպելու է ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը»:


© armedia.am