Քանի դեռ չեն ճանաչվել և դատապարտվել ցեղասպանությունները, չի կարելի բացառել դրանց կրկնության հնարավորությունը. Էդուարդ Շարմազանով

15:17     27 մարտի, 2015

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Արտերկրի հույների խորհրդի պատվիրակությանը, հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին և նախաձեռնության հեղինակներին՝ մարտի 24-ին միաձայն ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով պատվիրակությանը, նշել է, որ ԱԺ հայտարարության ընդունումն ինքնանպատակ չի եղել. ճանաչելով հույների և ասորիների նկատմամբ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը՝ Հայաստանի խորհրդարանը դատապարտում է երբևէ իրականացված բոլոր ցեղասպանությունները: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ քանի դեռ չեն ճանաչվել և դատապարտվել ցեղասպանությունները, չի կարելի բացառել դրանց կրկնության հնարավորությունը:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և հյուրերը կարևորել են տարբեր ժամանակներում տարբեր ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը:


© armedia.am