Մարտի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստ: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին ներկա էին նաև Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները, հաղորդում է mil.am-ը:
Կոլեգիայի հերթական նիստը նվիրված էր զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, ինչպես նաև զինված ուժերում օպերատիվ պատրաստության վիճակի հարցերի քննարկմանը:
Կոլեգիայի նիստի ընթացքում օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, վարչությունների պետեր, բանակային զորամիավորումների հրամանատարներ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է, որ զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետության և օպերատիվ պատրաստության մակարդակի բարձրացման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվել, առկա է նկատելի առաջընթաց, սակայն կան նաև որոշակի բացթողումներ, որոնց հաղթահարումը պահանջում է խիստ համակարգված և հետևողական աշխատանք:
Ամփոփելով նիստի աշխատանքները և ընդհանրացնելով զեկույցներում ու դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում հնչած փաստերը, հետևություններն ու առաջարկները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուղենշել է հետագա ծրագրերը և տվել է մի շարք հանձնարարականներ: