Սաուդյան Արաբիան Եմենից տարհանում է օտարերկրյա դիվանագետներին

12:49     28 մարտի, 2015

Սաուդյան Արաբիայի Ռազմածովային ուժերը շաբաթ օրը սկսել են Ադեն քաղաքից և Եմենի հարավային շրջանից տարհանել Սաուդյան Արաբիայի և օտարերկրյա դիվանագետներին: Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրեսը` հղում կատարելով տեղական հեռուստաընկերությանը:

«Սաուդյան Արաբիայի Ռազմածովային ուժերը սկսել են «Տորնադո» գործողությունը` Ադենից մի քանի տասնյակ դիվանագետների տարհանման նպատակով»,- ասվում է տեղական հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, ընդհանուր առմամբ տարհանվել է տարբեր երկրների դիվանագիտական գերատեսչությունների 86 աշխատակից: Բոլոր դիվանագետների ինքնազգացողությունը լավ է, և հատուկ գործողության ընթացքում բարդություններ չեն առաջացել:

Ավելի վաղ մի շարք երկրներ հայտարարել էին Եմենի մայրաքաղաքում իրենց ներկայացուցչությունների գործունեության դադարեցման մասին, քանի որ այն ամբողջովին գտնվում է «Անսար-Ալլա» շարժման շիա ապստամբների (հուսիտների) վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած Պարսից ծոցի միջազգային կոալիցիան հինգշաբթի գիշերը սկսել է ռազմական գործողություն հուսիտների դեմ, որոնք վերահսկում են երկրի տարածքի մեծ մասը:


© armedia.am