Ադրբեջանական կողմը առաջին անգամ կիրառել է առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր. ՀՀ պաշտպանության նախարար

15:36     28 մարտի, 2015

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում իրադրության ապակայունացման միտումները:
ՀՀ պաշտպանության նախարարը դեսպան Կասպրչիկին տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր:
Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ նման մարտավարության պայմաններում իրադրության սրման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: 

Դեսպան Կասպրչիկը հավաստիացրել է, որ իր լիազորություններից բխող առավելագույն ջանքեր կգործադրի իրադրությունը կայունացնելու ուղղությամբ:


© armedia.am