Իսրայելի նախկին վարչապետը մեղավոր է ճանաչվել «փողով ծրարի գործով»

15:22     30 մարտի, 2015

Մարտի 30-ին Երուսաղեմի դատարանը Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը մեղավոր է ճանաչել «Տալանսկու» կամ ինչպես հաճախ անվանում են «փողով ծրարի» գործով: Այս մասին փոխանցում է France Press գործակալությունը:  Այս գործով դատավճիռը կհրապարակվի մայիսի 5-ին:

Իսրայելի կառավարության նախկին ղեկավարը 2012թ. անմեղ էր ճանաչվել ամերիկացի գործարար Մորիս Տալանսկուց կաշառք վերցնելու գործով, սակայն «անհերքելի ապացույցներ» ստանալու հետևանքով դատարանը փոխել է իր որոշումը:

Օլմերտի դեմ այս գործը հարուցվել է դեռևս 2007թ.: Հետաքննության վարկածով 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Օլմերտը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Երուսաղեմի քաղաքապետի և Առևտրի ու արդյունաբերության նախարարի պաշտոնը  խոշոր գումար է ստացել ամերիկացի գործարար Մորիս Տալանսկուց վերջինիս շահերն առաջ տանելու համար:

Այս մեղադրանքների պատճառով Օլմերտը հեռացվել էր վարչապետի պաշտոնից: Սակայն դատարանը անբավարար է համարել առկա ապացույցները նրան մեղավոր ճանաչելու համար:

Նշենք, որ 2014թ. մարտի 31-ին դատարանը Օլմերտին մեղավոր է ճանաչել  կաշառակերության մեկ այլ գործով և սահմանել է 6 տարվա ազատազրկում: Դատարանը ապացուցել էր, որ նա կաշառք է ստացել Երուսաղեմում Holyland բնակելի համալիրի կառուցման ժամանակ:  

Ավելի վաղ 2012թ. նախկին վարչապետը պայմանական ազատազրկման էր ենթարկվել 2003-2005թթ. ծանոթ գործարարների համար սուբսիդիաներ ստանալու նպատակով Ներդրումների պետական հիմնադրամի վրա ճնշումներ գործադրելու համար:


© armedia.am