Ո՞ւմ է ձեռնտու նախագահական համակարգը Թուրքիայում

17:50     30 մարտի, 2015

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է անցնի կառավարման նախագահական համակարգի: «Թուրքիայի համար նախագահական համակարգը ճիշտ կլինի: Այսօր երկրում իշխող համակարգը ոչ խորհրդարանական է, որ նախագահական, ոչ էլ կիսանախագահական», - Haberturk  հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Դավութօղլուն: «Նախագահական համակարգին անցնելը կարևոր նշանակություն ունի, այդ պատճառով էլ իմ նախաձեռնությամբ Արդարություն և զարգացում կուսակցության նախընտրական ծրագրում այդ մասին դրույթ մտցվեց», - հայտարարել է Դավութօղլուն:

Նախագահական համակարգի օգտին է հանդես գալիս նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքիայում կառավարման ներկա համակարգն անարդարություն է, որն իրականացվում է մեր ժողովրդի դեմ: Նոր Թուրքիան զարգանալու է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և գործարարների հետ: Ես խնդրում եմ ձեզ ցանկացած հնարավորության դեպքում խոսել Նոր Թուրքիայի և նախագահական համակարգի մասին: Թուրքիան պետք է համակցված ընկերության նման կառավարվի: Այլապես, ձեր ձեռքերին ձեռանշղթաներ կլինեն, և դուք չեք կարող առաջ շարժվել», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Today’s Zaman-ը:

Էրդողանը նաև կոչ է արել խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը՝ խնդրելով իր աջակիցներին 400 օրենսդիրներ ընտրել, ովքեր կքվեակեն նոր Սահմանադրության օգտին, որն էլ ճանապարհ կհարթի նախագահական համակարգի համար: «Եթե դուք մեզ 400 պատգամավորներ տաք, նոր Սահմանադրություն կմշակվի, և նախագահական համակարգ կլինի», - հայտարարել է Էրդողանը:

Նա նաև նշել է, որ Թուրքիայի ՀՆԱ-ն ներկայիս 11 հազար ԱՄՆ դոլարից 2023 թվականին կհասնի 25 հազար դոլարի, եթե երկիրը անցնի նախագահական համակարգի: Սակայն թուրքական ընդդիմությունը պնդում է, որ նախագահական համակարգ ունենալու այս ցանկության հիմքում ընկած են Էրդողանի ավտորիտար նկրտումները:

Խորհրդարանական համակարգում իշխանությունը հիմնականում պատկանում է խորհրդարանին, որն ընտրվում է բնակչության կողմից: Խորհրդարանը ձևավորում է կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցություններին: Խորհրդարանական հանրապետությունում նախագահը օրենսդրական նախաձեռնությունների իրավունք չունի, չի կարող վետո կիրառել խորհրդարանի ընդունած օրենքների վրա: Ինչպես երևում է այս նկարագրությունից, խորհրդարանական համակարգում նախագահի լիազորությունները չեն կարող բավարարել Էրդողանի պահանջները, և, հետևաբար, նա հանդես է գալիս նախագահական համակարգին անցնելու օգտին, որտեղ քաղաքական իշխանության իրացման գործում գլխավոր դերակատարը նախագահն է:

 


© armedia.am