Իրանն այլևս Էրդողանի «երկրորդ տունը» չէ՞

14:23     31 մարտի, 2015

Եմենի ճգնաժամն առիթ հանդիսացավ մերձավորարևելյան մի շարք երկրների, այդ թվում տարածաշրջանային մրցակիցներ Իրանի և Թուրքիայի  միջև տարաձայնությունների սրման համար: Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի գործերի հավատարմատարին և բացատրություն է պահանջել  Եմենի ճգնաժամում Իրանի դերակատարման վերաբերյալ Էրդողանի հայտարարությունների կապակցությամբ: Ինչպես հայտնում է France Presse-ը, Թուրքիայի գործերի հավատարմատարը դեսպանի բացակայության պայմաններում հրավիրվել է պատասխանելու «Էրդողանի անպատշաճ և անսովոր մեկնաբանությունների հետ կապված Իրանի առարկություններին»: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը: «Մենք հստակ և գոհացուցիչ պատասխան ենք պահանջել», - նշել է իրանական արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «անընդունելի» էր անվանել տարածաշրջանում գերիշխելու` Իրանի ձգտումը: Նա կոչ է արել Իրանին դադարեցնել շիական խոուսի շարժմանը տրամադրվող աջակցությունը՝ ընդգծելով, որ «Իրանը պետք է փոխի իր դիրքորոշումը և դուրս բերի իր ուժերը Եմենից, Սիրիայից և Իրաքից՝ հարգելով նրանց տարածքային ամբողջականությունը», հայտնում է РИА Новости-ն:

Չնայած այս հայտարարություններին՝ ավելի ուշ Էրդողանը հայտարարել է, որ ապրիլի 7-ին նախատեսված իր այցն Իրան, միևնույն է, կայանալու է: Իրանցի մի շարք պաշտոնական անձինք կոչ են արել Իրանի կառավարությանը չեղյալ հայտարարել Էրդողանի այցը: Ինչպես հայտնում է Today’s Zaman-ը, Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամեդ Ջավադ Զարիֆը հրապարակայնորեն հերքել է Էրդողանի մեղադրանքները՝ նրան մեղադրելով տարածաշրջանին վնասող քաղաքականություն իրականացնելու մեջ: Միաժամանակ նրա տեղակալը նշել է, որ Էրդողանի այցի հետ կապված փոփոխություններ չեն ակնկալվում:

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության պատգամավոր Ֆարուկ Լոգոգլուն թուրքական գործակալության հետ զրույցում մատնանշել է տարածաշրջանային հակամարտությունների համապատկերի վրա Իրանի և Թուրքիայի միջև առողջ հարաբերությունների պահպանման կարևորությունը: Նա հայտարարել է, որ Իրանի հասցեին Էրդողանի քննադատությունները որևէ կերպ չեն կարող նպաստել Եմենում իրավիճակի բարելավմանը: «Թուրքիան աջակցում է հակամարտության կողմերից մեկին և դրանով նպաստում է Եմենում անջատողականության խորացմանը: Սա հակասում է Թուրքիայի, Իրանի և ողջ տարածաշրջանի շահերին», - հայտարարել է թուրքական ընդդիմադիր կուսակցության պատգամավորը:

Իրանի հասցեին Թուրքիայի նախագահի քննադատությունն անսպասելի էր շատերի համար թուրք-իրանական հարաբերությունների ջերմացման ֆոնին. ընդամենը 2014 թվականին Թեհրան կատարած այցի ժամանակ Էրդողանը հայտարարեց, թե Իրանն իր համար «երկրորդ տունն է»:

 


© armedia.am