Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Իրանին և վեցնյակին հաջողվել է հասնել համաձայնության առանցքային բոլոր հարցերի շուրջ և նրանք արդեն հանձնարարել են փորձագետներին նախագծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված նախնական համաձայնությունն, հայտնում է Sputnik News-ը:
«Մենք կարող ենք վստահ ասել, որ նախարարներին հաջողվել է գալ հիմնական համաձայնության խնդրի լուծման առանցքային հարցերի շուրջ և մենք հուսով ենք , որ հաջորդ մի քանի ժամերի ընթացքում այդ համաձայնությունը կհանձնվի թղթին: Փորձագետներին արդեն տրվել են համապատասխան հանձնարարականները» ,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լրագրողների հետ զրույցում Լավրովը նաև որոշ մանրամասներ է հայտնել ձեռք բերված նախնական համաձայնության մասին` նշելով.
«Համաձայնությունը արտացոլում է խնդրի լուծման համընդգրկում մոտեցում, որը ներառում է սահմանված ստուգման միջոցառումներ, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում` համապատասխան ԱԷՄԳ-ի չափորոշիչների, ինչպես նաև պատժամիջոցների չեղյալ հայտարարման լայն դրույթներ» :
Չնայած իր խոսքում նկատվող լավատեսության Լավրովը շտապել է նաև նշել, որ այս հարցում դեռ շատ գործ կա անելու.
«Նախնական համաձայնությունը դեռևս չի նշանակում գործի ավարտ, այն ուղղակի փաստում է նրա մասին, որ մենք կատարել ենք նոյեմբերին ստանձնած մեր պարտականությունները` ստեղծելու խնդրի դրույթների քաղաքական շրջանակ և մինչև հունիսի վերջ, ինչպես և համաձայնեցված էր: Այնուհետև մենք թույլ կտանք փորձագետներին աշխատել տեխնիկական մանրամասների վրա, որը կպահանջի լուրջ ջանքեր, քանի որ, ինչպես գիտեք, սատանան հենց մանրուքներում է թաքնված»,- հավելել է Լավրովը: