Մերկել ու Պորոշենկոն «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների նոր հանդիպում են առաջարկել

10:17     1 ապրիլի, 2015

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջարկել են առաջիկա օրերին կազմակերպել «նորմանդական քառյակի» արտգործնախարարների նոր հանդիպում: Նման կարծիք նրանք հայտնել են հեռախոսազրույցի ընթացքում, գրում է lenta.ru-ն։

Երկրների առաջնորդները նշել են, որ բանակցությունների ընթացքում արտգործնախարարները պետք է քննարկեն Մինսկում փետրվարին ձեռք բերված պայմանավորվածությունների հարցում հետագա զարգացման առումով կարևոր հարցերը:

Նախարարներն անդրադառնալու են նաև Դոնբաս խաղաղապահ առաքելություն մտցնելու հարցին:

Մարտի 16-ին Պորոշենկոն Գերագույն ռադային էր ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Եվրոպայի խորհրդին ներկայացնելիք դիմումի նախագիծը՝ երկրի տարածքում միջազգային խաղաղապահներ տեղակայելու մասին:

Խորհրդարանը հաստատել էր այդ առաջարկը, որը, սակայն, խիստ քննադատության էր արժանացել Ռուսաստանի, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների կողմից:


© armedia.am