Ռուսաստանն ապրիլի 1-ից կնախագահի ԲՐԻԿՍ-ում, որի մեջ են մտնում Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Իր նախագահության շրջանում Ռուսաստանն իր առջև խնդիր է դրել «կառույցը փոխակերպել աշխարհի տնտեսական և քաղաքական առանցքային հարցերի շուրջ ռազմավարական և ընթացիկ փոխգործակցության լիարժեք մեխանիզմի»: Այդ ընթացքում ամենակարևոր միջոցառումը կդառնա հուլիսի 9-10-ը Ուֆայում կայանալիք գագաթաժողովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվել է Ռուասատանի ԱԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ, նախատեսվում է սկսել բազմակողմանի ոլորտային համագործակցություն մի շարք ուղղություններով: Նախագահության ընթացքում Ռուսաստանի գլխավոր նպատակը Զարգացման նոր բանկի և Արժույթային պահուստների զամբյուղի ղտեղծումն է: Այս ոլորտում գործունեության համար ուղենիշ կծառայի Մինչև 2020թ տնտեսական գործընկերության ռազմավարությունը, որը Ռուսաստանի կողմից ներկայացվել է 2014թ-ին Բրազիլիայում կայացած գագաթաժողովին: Ինչպես նախատեսվում է, Զարգացման նոր բանկի ղեկավարը և տնօրենների խորհուրդը կնշանակվի Ուֆայի գագաթաժողովի ժամանակ:
Բացի այդ, ռուսական նախագահության շրջանում նախատեսվում է փոխգործակցության ոլորտ ներգրավվել նաև քաղաքացիական հասարակությանը և երիտասարդությանը:
ԲՐԻԿՍ երկրների ընդհանուր տարածքը կազմում է երկրագնդի մոտ 26%-ը, իսկ բնակչությունը՝ մոլորակի բնակչության 42%-ը: 2013թ-ին համաշխարհային առևտրում ԲՐԻԿՍ-ի մասնաբաժինը կազմել է 16.1%, ռազմական ծախսերը՝ 10.8%, իսկ էներգիայի ավանդական տեսակների արտադրության ոլորտում՝ 40.2%: