Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարել է անզեն քաղաքացուն

14:13     1 ապրիլի, 2015

Երեկ կեսօրին Բաքվի Զիրա ավանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել: Զորամասի տարածքում ծնեբեկ հավաքող Խազարի շրջանի 47-ամյա բնակիչ Զաֆեր Շահվերդիևին գնդակահարել է զորամասի մի զինծառայող, հայտնում է «Արցախպրես» գործակալությունը` հղում անելով ադրբեջանական «Ազադլըգ» թերթին:

Միջադեպի ժամանակ Զ. Շահվերդիևի մոտ են գտնվել նաև նրա հորեղբորորդի Յավեր Շահվերդիևը և մերձավոր Էլնուր Շիրինովը:

Նկատելով ծնեբեկ հավաքող քաղաքացիական անձանց՝ զինծառայողը նրանց հրամայել է պառկել: Զ. Շահվերդիևը չի պառկել, զինծառայողը գնդակահարել է նրան: Վիրավորվ քաղաքացուն թողնելով դեպքի վայրում՝ զինծառայողը մյուս երկուսին տարել է զորամաս: Քաղաքացիների այն զգուշացումներին, թե Զ. Շահվերդիևը արյունաքամ է լինում և անհրաժեշտ է բժշկական օգնություն ցուցաբերել, զորամասի հրամանատարությունը անտարբերություն է ցուցաբերել: Նրանցից վերցրել են անձը հաստատող փաստաթղթերը և բաց թողել:

Հետո հայտնի է դարձել, որ Զ. Շահվերդիևը տեղափոխվել է Զիրայի հիվանդանոցներից մեկը: Հայտնի չէ, թե վիրավոր քաղաքացուն ով է հասցրել հիվանդանոց: Արնաքամ եղած քաղաքացուն բժիշկները որոշել են տեղափոխել Սաբունչիի մասնագիտացված հիվանդանոց, ճանապարհին նա մահացել է:  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել միջադեպին:


© armedia.am