Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ապրիլի 8-ին Մոսկվա կատարելիք այցի նախաշեմին Հունաստանի և ՌԴ-ի հարաբերությունների մասին խոսել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան: «Ռուսաստանը Հունաստանի համար Եվրամիությանն այլընտրանք չէ, իսկ Հունաստանի տեղը Եվրագոտում է: Անհանգստանալու կարիք չկա: Ցիպրասը բավականաչափ կարևորում է նաև Եվրոպայի, Եվրոպական ղեկավարների և Եվրահանձնաժողովի հետ կապերը»,- ասել է նա:
Հարկ է նշել, որ մինչ այս Հունաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հունաստանը դեմ է ՌԴ դեմ պատժամիջոցներին և նշել, որ իր Մոսկվա այցը «լավ առիթ է վերսկսելու և նոր շունչ հաղորդելու ռուս-հունական հարաբերություններին, որոնք խոր պատմական արմատներ ունեն»:
Եվրագոտու նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել ապրիլի կեսին, իսկ Հունաստանի՝ Եվրագոտուց դուրս գալու մասին հարցն այլևս չի էլ քննարկվում: Նշենք նաև, որ Հունաստանի՝ մարտի 27-ին Եվրագոտու ղեկավարներին ներկայացրած բարեփոխումների ծրագրի հաստատման պարագայում երկրին կտրամադրվի ևս 7,2 միլիարդ եվրո գումար, սակայն մինչ այդ Աթենքը ԱՄՀ-ին պետք է փոխանցի 450 մլն եվրո արդեն ապրիլի 9-ին:
Իր՝ Ռուսաստան այցի նպատակների թվում Ցիպրասը նաև նշում է, որ փորձ կարվի Հունաստանին մատակարարվող գազի գնի իջեցման շուրջ համաձայնության գալ: Աթենքը նաև մտադիր է դիմել Մոսկվային որոշ գյուղատնտեսական մթերքներ Հունաստանից ներկրելու համար:
Ցիպրասի կողմից Ռուսաստան նախատեսվող այցն ու դրա նպատակների մասին բացահայտ հայտարարելը կարելի է դիտարկել որպես Եվրագոտու հետ բանակցություններում իր դիրքերի ամրապնդման փորձ: Այս քայլը, ինչպես նաև դրա արդյունքում Մոսկվայում ձեռք բերված հնարավոր համաձայնությունները Ցիպրասի համար ևս մի խաղաքարտ կդառնան ԵՄ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ: