Ավագ հինգշաբթի․ երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն

10:27     2 ապրիլի, 2015

Ավագ հինգշաբթին  նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ Պատարագ. գրում է qahana.am-ը։

Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:


© armedia.am