Ապրիլի 24-ին ընդառաջ Գերմանիայի դաշնային խորհրդարանում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու շուրջ վեճերն ակտիվացել են, գրում է գերմանական Tagesspiegel թերթը։
Այսպես, Քրիստոնեա- դեմոկրատական միությունն անցյալ շաբաթ բանաձև էր ներկայացրել, որի վերնագրում տեղ էր գտել ցեղասպանություն բառը, սակայն Արտգործնախարարության միջամտության արդյունքում վերնագրից այն հանվել է։
Թերթը նշել է, որ այդ քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայում հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ մտավախություն կա, որ դա որպես Թուրքիայի դեմ ուղղված քայլ կդիտարկվի, բացի այդ՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Թուրքիան, որպես գործընկեր, անհրաժեշտ է Գերմանիային։
Tagesspiegel-ի փոխանցմամբ՝ կոալիցիոն պատգամավորները նախատեսում են ապրիլի 21-ին քվեարկություն իրականացնել և վերջնական որոշում կայացնել, սակայն «ցեղասպանություն» բառը դարձյալ վերնագրում ներառելը հավանական չի համարվում։
Գերմանիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի սպանությունների մասին խոսելիս «ցեղասպանություն» ձևակերպումը չի օգտագործելու։ Կառավարությունը Ձախերի կուսակցության ներկայացրած հարցապնդմանն ի պատասխան նշել էր, որ «պատմական իրադարձությունները» պետք է քննեն պատմաբանները։
Նշենք, որ Բունդեսթագը 2005 թ. Թուրքիայի կառավարությանը կոչ արեց ընդունել սեփական «պատմական պատասխանատվությունը», սակայն ինքը մինչ օրս ձեռնպահ է մնում կատարվածը Ցեղասպանություն որակելուց: