Էրդողանը բողոքի ցույցերը արգելելու հերթական պատրվակն է գտել

17:20     2 ապրիլի, 2015

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից առաջ բուռն ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում: Տպավորություն է ստեղծվում, որ երկիրը բախվել է ահաբեկչական ալիքի հետ: Երկրում մեծ աղմուկ բարձրացավ դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի՝ պատանդ վերցվելուց և սպանվելուց հետո: Առանձին նահանգներում պարբերաբար բախումներ են տեղի ունենում թուրքական անվտանգության ուժերի և քրդերի միջև: Թուրք-սիրիական սահմանի վրա գրեթե ամեն օր նոր միջադեպեր են արձանագրվում: Թուրքական իշխանությունները հատարարում են, որ աշխատում են ահաբեկիչների մուտքը Սիրիա կանխելու ուղղությամբ:

Հատկանշական է, որ վերջերս թուրքական հետախուզությունը զգուշացրեց երկրի անվտանգության ուժերին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքում պարտության մատնվելուց հետո մտել են Թուրքիա և կարող են հարձակումներ ծրագրել Անկարայում և Ստամբուլում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների վրա: Այս մասին հայտնում է թուրքական Today’s Zaman-ը: Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տվյալների համաձայն հունվարին Քոբանիում ԻՊ-ի ավելի քան 3000 զինյալներ են եղել, որոնց մի մասն արդեն անցել է Թուրքիայի տարածք: Իհարկե, սրանք այն պտուղներն են, որոնք Անկարան քաղում է իր իսկ իրականացրած քաղաքականության արդյունքում:

Սակայն Թուրքիայի ղեկավարությունը ցանկացած դժբախտությունից օգուտ քաղելու սովորություն ունի: Այս ահաբեկչությունն այժմ օգտագործվում է հերթական անգամ երկրում բողոքի ձայնը լռեցնելու համար: Իշխանությունները հայտարարում են, որ չեն հանդուրժելու փողոցում բողոքի ցույցերը՝ անկախ նրանից, թե «ովքեր են նրանք և որն է նրանց նպատակը»: «Ոչ մի հանդուժողականություն չի դրսևորվելու նրանց հանդեպ, ովքեր առանց թույլտվության փողոց են դուրս գալիս՝ վտանգելով երկրի անվտանգությունը: Ստամբուլի մի շարք փողոցներում իրականացված դավադրական գործողություններից հետո մենք որոշել են որոշակի նախազգուշական միջոցներ ձեռնարկել», - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքերը մեջբերում է Hurriyet Daily News-ը: Մինչդեռ Թուրքիայի Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն «յուրաքանչյուր ոք իրավունք ունի խաղաղ և առանց զենքի հանրահավաքներ և երթեր կազմակերպել առանց նախնական թույլտվության»: 


© armedia.am