Հայոց ցեղասպանության ժխտում․ տուգա՞նք, թե՞ ազատազրկում

16:20     3 ապրիլի, 2015

Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի միաձայն ընդունումը հայկական դիվանագիտության աննախադեպ հաղթանակն է։ Այսպես է բնութագրել ՀՀ Ազգաին ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծի  ընդունումը։ Վերջինիս համաձայն՝ ցեղասպանության ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով:

Օրինագիծը Կիպրոսի խորհրդարանին, որը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր դեռևս 1982թ․,  ներկայացրել էր կիպրահայ համայնքը։

Կիպրոսը եվրոպական 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից և Շվեյցարիայից հետո, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Այսպես, Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդկության դեմ իրականցված հանցագործությունների հանրային ժխտման համար, և քանի որ Շվեյցարիայի դաշնային խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 261-րդ հոդվածը ինքնաբերաբար տարածվում է նաև նրանց վրա, ովքեր գիտակցված և նպատակային կերպով կասկածի տակ են դնում 1915թ․ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը։

Սլովակիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել է 2011թ։ Այսպիսով, Սլովակիայի ցանկացած քաղաքացի, ով կժխտի Հայոց ցեղասպանությունը անկախ նրանից, որ երկրում է գտնվում նա, կդատապարտվի ազատազրկման մինչև 5 տարի ժամանակով։

Նմանատիպ օրինագիծ քննարկվել է նաև Ֆրանսիայի խորհրդարանում։ Այն առաջարկվել էր պատգամավոր Վալերի Բուայեի կողմից։ Սակայն ֆրանսիական օրենքը, չեղյալ է հայտարարվել «խոսքի ազատության իրավունքին չհամապատասխանելու» պատճառով։ Հետաքրքիր է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է և՛ Հոլոքոստը, և՛ Հայոց ցեղասպանությունը, սակայն միայն Հոլոքոստի ժխտումն է երկրում պատժելի։

Եվ չնայած Եվրոպայում նմանատիպ հարցերի իրավաբանական անկայունությանը՝ 2014թ․ Հունաստանի խորհրդարանը ևս ընդունեց Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։ Ըստ այս օրենքի՝ ցեղասպանությունները ժխտելու համար նախատեսվում է մինչև 3 տարվա ազատազրկում և տուգանք 30 հազար եվրոյի չափով։

Նշենք նաև, որ Հոլոքոստի ժխտումը և/կամ նացիստների հանցագործությունների արդարացումը քրեորեն պատժելի է Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Լիտվայում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում, Սլովենիայում, Շվեյցարիայում, Կանադայում, Իսրայելում, Հունաստանում, Կիպրոսում, Լիխտեյնշտեյնում, Չեխիայում, Սլովակիայում և Պորտուգալիայում։


© armedia.am