«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի գրոհայինները գիշերը գրոհել են Եմենի հարավարևելյան Հադրամաութ նահանգի վարչական կենտրոնը՝ Էլ-Մուքալլա քաղաքը: Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ծայրահեղականներն այնտեղ հարձակվել են կենտրոնական բանտի վրա և ազատել հարյուրավոր բանտարկյալների:
Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ մարտեր են ընթանում Ադենից 480 կմ հեռու գտնվող քաղաքի մի քանի շրջաններում: Բացի բանտից՝ բախումներ են տեղի ունենում նախագահական պալատի, ընդհանուր անվտանգության վարչության, կենտրոնական բանկի շենքի մոտ և նավահանգստի մոտակա թաղամասերում: Ահաբեկիչների հարձակումը փորձում են հետ մղել բանակային ստորաբաժանումները: Ականատեսների վկայությամբ՝ բախումներին ներգրավված է զրահատեխնիկա և հրետանի, փողոցներում չեն դադարում պայթյուններն ու հրաձգությունը, այդ թվում՝ ծանր գնդացիրներից: Բանտից ազատված շատ կալանավորներ դատապարտված են եղել «Ալ-Քաիդայի» հետ կապի համար: Հաղորդվում է, որ նրանց մեջ նաև խմբավորման պարագլուխներ կան:
Եմենում շիական շարժմանը վերջին մեկ տարվա ընթացքում հաջողվել է բավականին ամրապնդել իր դիրքերը։ Նրանք բազմիցս մասշտաբային հարձակումներ են կատարել, որոնց զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ: Վերջերս գրոհայինները նորից կտրուկ ակտիվացել են՝ հատկապես Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ընդդիմադիր հուսիթների դեմ ռազմական գործողությունից հետո: Այսօր շիա ապստամբները գրավել են Եմենի հարավային Ադեն քաղաքում գտնվող նախագահի նստավայրը, որը հետ գրավելու համար մղվող մարտերին մասնակցում են նաև քաղաքացիական անձինք։