«Գրեմմիի» մրցանակակիր System of a Down ռոք խումբը պաշտոնապես մեկնարկել է իր Wake Up the Souls («արթնացրու հոգիները») համաշխարհային համերգային շրջագայությունը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը, գրում է Newsweek-ը։
Պարբերականի փոխանցմամբ` սա առաջին անգամն է, որ ամերիկյան ռոք խումբը, որի բոլոր անդամները Ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգներն են, երկար ընդմիջումից հետո ելույթ կունենա երկրում: Համերգային շրջագայությունը մեկնարկում է ապրիլի 6-ին` լոսանջելեսյան համերգով: Շրջագայության ընթացքում ռոք խումբը ելույթներով հանդես կգա Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, որոնց կհաջորդի երևանյան համերգը Հանրապետության հրապարկում՝ ապրիլի 23-ին:
Հետագայում համերգային շրջագայությունը կշարունակվի Հարավային Ամերիկայի երկրներում:
«Մեզ համար մեծ պատիվ է՝ նվագել Հայաստանում` Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Ցեղասպանությունը հիվանդություն է, որ շարունակում է տանջել նաև այսօր: Մեզ` խմբի անդամերիս համար, ովքեր իրենց ընտանիքում կրում են Ցեղասպանության զոհերի վիշտը, կարևոր է ուշադրություն հրավիրել այս հարցի շուրջ», - ասել է Սերժ Թանկյանը: