Ամերիկյան սենատորները նախագահ Օբամային կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

10:03     3 ապրիլի, 2015

ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների սենատորները նախագահ Բարաք Օբամային նամակ են ուղղել՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը: 
Անցյալ շաբաթ Սպիտակ տուն ուղարկված նամակում 15 սենատորներ ընդգծել են, որ անհրաժեշտ է անհապաղ արժանի կերպով հիշատակել հանցագործության զոհերին և սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բոլոր՝ անցյալ, ներկա և ապագա ցեղասպանությունների հանդեպ:

ԱՄՆ նախագահին ուղղված նամակում նշված է. «Մինչ Միացյալ Նահանգների Կոնգրեսը ունի երկար պատմություն աջակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հայերի դեմ իրականացված վայրագությունները չի ճանաչել որպես «ցեղասպանություն»: Սենատորներն ընդգծել են, որ նախագահի սկզբունքային դիրքորոշումը կուղարկի հզոր ազդակ միջազգային հանրությանը, որ այս վարչակազմը հավատարիմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հանդուրժողականության իդեալների եւ մարդու համընդհանուր իրավունքների պահպանմանը, ինչի վրա հիմնվել է մեր երկիրը եւ նման հանցագործությունների կրկնությունը կանխարգելելը»,- նշված է նամակում:

«Շնորհակալություն ենք հայտնում սենատորներ Մենենդեսին և Գարդներին և երկու կուսակցություններից նրանց բոլոր գործընկերներին, որոնք միացել են Օբամային ուղղված կոչին և բացահայտ ու անկեղծորեն արտահայտվել են Հայոց ցեղասպանության մասին այն ժամանակ, երբ հիշատակվում է մարդկության դեմ իրագործված այդ հանցագործության 100-րդ տարելիցը»,- հայտարարել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Օբամային հղված նամակի տակ ստորագրել են սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռիչարդ Դուրբինը, Դայան Ֆեյնշտեյնը, Քորի Գարդները, Դին Հելլերը, Մարկ Քըրքը, Էդվարդ Մարքեյը, Ռոբերտ Մենեդեսը, Գերի Պետերսը, Ջեք Ռիդը, Մարկո Ռուբիոն, Բրայան Շացը, Դեբի Ստաբենոուն, Էլիզաբեթ Ուորենը և Շելդոն Ուայթհաուսը: Օբամային նամակ են հղել նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամները՝ հանրապետական Ռոբերտ Դոլդի և դեմոկրատ Ֆրենկ Փալոունի գլխավորությամբ:

Սպիտակ տուն ևս մեկ նամակ կուղարկեն ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամները՝ հանրապետական Ռոբերտ Դոլդի և դեմոկրատ Ֆրենկ Փալոունի գլխավորությամբ:


© armedia.am