ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հանդես գալով Սպիտակ Տանը, Պարսից ծոցի երկրների առաջնորդներին հրավիրել է ԱՄՆ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը քննարկելու համար, հայտնում է РИА Новости-ն: «Ես Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրություններրի (ԱՄԷ), Քուվեյթի, Օմանի, Կատարի և Բահրեյնի առաջնորդներին այս գարնանը հրավիրել եմ Քեմփ-Դևիդ (ԱՄՆ) անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցերը քննարկելու և լուծելու համար այն բազմազան հակամարտությունները, որոնք այդքան դժվարություններ և անկայունություն են առաջացրել Մերձավոր Արևելքում», - նշել է Օբաման։
Միաժամանակ նշվում է, որ Բարաք Օբաման և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Իբն Աբդուլ-Ազիզ Աս-Սաուդը պայմանավորվել են Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական գործողության համատեքստում «հետևել տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողություններին»: «Օբաման ընդգծել է, որ Իրանի և «վեցնյակի» միջև փոխըմբռնումը որևէ կերպ չի նվազեցնելու ԱՄՆ-ի անհանգստությունը տարածաշրջանում Իրանի ապակայունացնող ակտիվության կապակցությամբ: Ղեկավարները պայմանավորվել են ընդլայնել խորհրդակցությունները և նախկինի պես ուշադիր լինել այս սպառնալիքին դիմագրավելիս», - ասվում է Սպիտակ Տան հայտարարության մեջ:
Այս հայտարարություններից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ը մտադիր է վստահեցնել Ծոցի միապետություններին, հատկապես Սաուդյան Արաբիային, որ Իրանի հետ գործարքը որևէ կերպ չի ազդելու տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա: Դա վերաբերում է նաև ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի այսպես կոչված ռազմավարական գործընկերությանը: Արաբական միապետությունները մտավախություն ունեն, որ Իրանի և «վեցնյակի» միջև պայմանագրի ստորագրումից հետո իրանական դիրքերը կամրապնդվեն տարածաշրջանում, ինչն ամենևին էլ չի բխում իրենց շահերից:
Բացի այդ, շարունակվում է խորանալ ճգնաժամը Եմենում, որը վերածվել է իսկական մարտադաշտի Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև: Տարածաշրջանային մրցակիցները պայքարում են այս երկրում իրենց ազդեցության հաստատման համար, իսկ միջուկային համաձայնագիրը կարող է նպաստել այս ուղղությամբ Իրանի առավել ակտիվ և ոչնչով չկաշկանդված քաղաքականության ծավալմանը: