Ադրբեջանցի դիվերսանտ, ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի փաստաբանը պատրաստվում է դիմել ԼՂՀ գերագույն դատարանի վճռաբեկ պալատ՝ բողոքարկելով նախորդ երկու ատյանների կայացրած որոշումները, նշում է «Արցախպրես»-ը: Գործակալության թղթակցի հետ զրույցում Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը նշել է, որ զրուցել է Դ. Ասկերովի հետ և վերջինս է նման որոշում կայացրել:
Նշենք, որ մարտի 10-ին ԼՂՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը, որով Ասկերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ հանցախմբի մյուս անդամ Շահբազ Գուլիևին՝ 5 հոդվածի հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։