Եմենի ճգնաժամի համապատկերի վրա մերձավորարևելյան իրադարձությունների «առաջին պլան» եկավ մի երկիր, որն իրականում մասնակցում է տարածաշրջանային բոլոր հակամարտություններին և տարաձայնություններին, սակայն նրա մասնակցությունը գրեթե միշտ անուղղակի բնույթ է կրում: Խոսքը Սաուդյան Արաբիայի մասին է, որը գլխավորեց միջազգային արաբական կոալիցիան և ավիահարվածներ սկսեց Եմենում շիա խոուսիտների դիրքերի ուղղությամբ՝ ուղղակիորեն հակադրվելով Իրանին: Փորձենք հասկանալ, թե սա ինչ երկիր է և ինչ դերակատարում ունի արաբական և իսլամական աշխարհում:
Սաուդյան Արաբիայի թագավորությունը ստեղծվել է 1932 թվականին: Վերջին 40-45 տարիների ընթացքում թագավորությունը կարողացել է հաղթահարել աղքատությունը, ինչը կապված է նավթի ահռելի պաշարների հետ: Սաուդյան Արաբիան իսլամի հայրենիքն է, նրա տարածքում են գտնվում իսլամական աշխարհի գլխավոր սրբատեղիները, որտեղ ամեն տարի մուսուլմաններն ուխտագնացության են գնում: Թագավորությունը տարեկան Ղուրանի միլիոնավոր օրինակներ և այլ իսլամական գրքեր է տպագրում և տարածում ողջ աշխարհում, ինչպես նաև հսկայական գումարներ է տրամադրում մզկիթների կառուցման համար: Սաուդյան Արաբիան ակտիվորեն ֆինանսավորում է տարբեր իսլամիստական շարժումների գործունեությունը, հենց նա է համարվում վահաբիական շարժման աջակիցը ողջ աշխարհում:
Իսլամական գործոնը զգալի ազդեցություն է գործում թագավորություն արտաքին քաղաքականության ձևավորման վրա: Սաուդիտները վստահ են, որ իրենց երկրի կոչումն է ղեկավարել իսլամական աշխարհը: Սակայն սա դեռ չի նշանակում, որ երկրի արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ կառուցվում է կրոնական հիմքի վրա: Բազմաթիվ դեպքերում Էլ-Ռիյադը գործում է՝ ելնելով պրագմատիկ նկատառումներից:
Իր արտաքին քաղաքականությունում Սաուդյան Արաբիան հիմնական շեշտը դնում է ԱՄՆ-ի վրա, ինչը պայմանավորված է անվտանգության խնդիրներով: Թագավորությունը միջազգային և տարածաշրջանային օրակարգի գլխավոր խնդիրների շուրջ իր գործողությունները համակարգում է Միացյալ Նահանգների հետ:
Բացի այդ, Սաուդյան Արաբիան հանդես է գալիս Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ամրապնդման օգտին, որը ստեղծվել է 1981 թվականին և ներառում է 6 արաբական միապետություններ՝ Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քուվեյթ, Կատար, ԱՄԷ, Օման: Թագավորությունը ցանկանում է այս Խորհուրդը դարձնել միասնական տարածաշրջանային ուժ, որը կկարողանա հանդես գալ որպես միջազգային հարաբերությունների լիարժեք խաղացող: