Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն քննադատական հայտարարություն է արել ռուսական իշխանությունների կողմից Ղրիմում ղրիմ-թաթարական ART հեռուստաալիքի աշխատանքների դադարեցման վերաբերյալ:
«Մենք խորապես մտահոգված ենք և դատապարտում ենք ստեղծված իրավիճակը: Ղրիմի հիմնական տարրը կազմող Ղրիմի թաթարները մինչ օրս իրենց իրավունքները պաշտպանել են խաղաղ և ժողովրդավար ճանապարհով: Իսկ հիմա խոչընդոտվում է ազատ խոսքի նրանց իրավունքը, ինչը ճնշման քաղաքականություն է մեր եղբայրների նկատմամբ: Թուրքիան շարունակելու է աջակցել ու պաշտպանել մեր ղրիմ-թաթար եղբայների բարեկեցության իրավունքն իրենց հայրենիքում և հետևել նրանց զարգացման ընթացքին»,-ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Չավուշօղլուն նշել է, որ Անկարան մոտակա ժամանակահատվածում պատրաստվում է դիտորդների ոչ պաշտոնական առաքելություն ուղղարկել Ղրիմ։
Այդ առաքելության կազմում կներառվեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ։
Հետաքրքրական է, որ այս հարցը բարձրացնում է Թուրքիան, որտեղ պարբերաբար կոպտորեն խախտվում են ոչ միայն ազգային փոքրամասնությունների, այլ նաև ազգությամբ թուրք քաղաքացիների իրավունքները։ Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնում բազմաթիվ միջազգային կառույցներ, ինչպես օրինակ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը, որը Թուրքիային վերաբերող այս տարվա իր զեկույցում հանգամանորեն անդրադարձել էր այս հարցին։
Ավելացնենք, որ Ուկրաինական ճգնաժամի և Ղրիմի հարցի առաջացմանը զուգընթաց Թուրքիան լայնորեն շահարկում է Ղրիմի թաթարների հարցը՝ սևծովյան տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար։ Որոշ փորձագետներ էլ սրա մեջ տեսնում են Թուրքիայի կողմից պանթյուրքական քաղաքական գծի շարունակում։