Ադրբեջանական ծախսերը Եվրոպական խաղերի կապակցությամբ

18:53     3 ապրիլի, 2015

Ադրբեջանը հունիսին Բաքվում անցկացվելիք առաջին Եվրոպական խաղերի կազմակերպման վրա արդեն 8 մլրդ դոլար է ծախսել: Այս մասին մասին հայտնել է bne.eu լրատվական կայքը: Եվրոպական խաղերի օպերացիոն կոմիտեի տնօրեն Սայմոն Կլեգգը կայքին հայտնել է, որ դա լինելու է Ադրբեջանում ամենամասշտաբային և հանդիսադիր միջոցառումը: «Չնայած նման մասշտաբային միջոցառման կազմակերպման համար եղած չափազանց կարճ ժամանակին և դժվարություններին, աշխատանքները գործնականում ավարտված են, և Բաքուն պատրաստ է ընդունել եվրոպացի մարզիկներին ու զբոսաշրջիկներին», -ասել է Կլեգգը:

Մանաթի կտրուկ էժանացման(33,5 տոկոսով), երկրի տնտեսության՝ լուրջ խնդիրների առաջ կանգնած լինելու, համաշխարհային շուկայում նավթի գնի զգալի անկման պայմաններում հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոխաղերին մասնակից 50 երկրների հավաքականների տրանսպորտային և մյուս բոլոր ծախսերը կառավարության կողմից ստանձնելը տնտեսական տեսակետից երկրի վրա շատ թանկ նստող և անհեռատեսական քայլ է: Ադրբեջանական Hurriyyet թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն այդ առնչությամբ ասել է, որ «դա սխալ որոշում է, և պարտադիր կերպով, անմիջապես պետք է փոխվի: «Ադրբեջանական կողմը մեծ ֆինանսական միջոցներ է ծախսել, այն դեպքում, երբ այսօր Ադրբեջանում տնտեսական լուրջ խնդիր է ծագել»: Ըստ վերջինիս՝  Ադրբեջանը հարկադրված է կա՛մ չեղյալ համարել, կա՛մ էլ հետաձգել այդ խաղերը, քանի որ այն եկամուտները, որոնք ակնկալվում էին թեկուզ մասնակիորեն փակելու կատարված ծախսերը՝ խաղերը դիտելու եկող զբոսաշրջիկների հաշվին, ճգնաժամի պատճառով չեն լինելու» -ասել է նա:

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին էլ հայտարարել է. «Իշխանությունների հանցավոր քաղաքականությունը, ինքնագովազդի ձգտումն ու անմիտ քայլերը հանգեցրել են նրան, որ ունենալով 19 միլիարդ մանաթի պետբյուջե, նրանք որոշել են անցկացնել 8 միլիարդ մանաթ բյուջեով օլիմպիադա։ Նման վիթխարի միջոցները կարելի էր ուղղել սոցիալական ու տնտեսական լուրջ խնդիրների լուծմանը, նվազագույն աշխատավարձի ու թոշակի բարձրացմանը, որոնք կազմում են ընդամենը 150 մանաթ»:

Երկրում սոցիալական լարվածության աճին գումարվում է նաև կոռուպցիայի բարձր մակարդակը։ Այսպես, ըստ Transparency International միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցի՝ Ադրբեջանը 2014թ․ կոռումպացվածության մակարդակով 176 երկրների շարքում գտնվում է 126-րդ տեղում։


© armedia.am