Ադրբեջանցիները «ճանաչում են» ԼՂՀ անկախությունը

03:08     6 ապրիլի, 2015

 «Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ պետք է վարենք հայաստանցիների նկատմամբ Բաքվի քաղաքականությունից տարբեր քաղաքականություն», - օրերս Միլլի Մեջլիսում հայտարարել է  ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը: Զարգացնելով այս միտքը՝  նրա գործընկեր Իքբել Աղազադեն էլ առաջարկել է Ղարաբաղի հայերին Ադրբեջանի անձնագիր տրամադրել, «քանի որ նրանք ծնվել են ադրբեջանական հողի վրա»: Պատգամավորի կարծիքով, Բաքվի կողմից Ղարաբաղի հայերին փախստականի կարգավիճակ շնորհելը և անձնագիր տրամադրելը բավականին արդյունավետ քայլ կլինի Ադրբեջանի համար:

Առաջին հայացքից ադրբեջանցի պատգամավորների նման հայտարարությունները թերևս բավականին ցինիկ կարող են թվալ: Բայց պատգամավորների նման մոտեցման մեջ երկու հետաքրքիր պահ կարելի է առանձնացնել:

Նախ ողջունելի է այն փաստը, որ ադրբեջանցի օրենսդիրներն ի վերջո սկսել են գիտակցել կամ բարձրաձայնել (հասկանալի է՝ դրա համար ունենալով սեփական դրդապատճառները) Հայաստանի և Արցախի նկատմամբ տարբերակված մոտեցում կամ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը:  Փաստորեն՝ ադրբեջանցիների շրջանում կա կամ ի հայտ է գալիս այն ընկալումը, որ ի դեմս Արցախի գործ ունեն Հայաստանից անկախ սուբյեկտի հետ:

Ադրբեջանական ընկալումներում մյուս հետաքրքիր տրանսֆորմացիան հետևյալն է. գաղտնիք չէ, որ Ադրբեջանը, ջանալով հերքել ԼՂՀ փաստացի անկախությունը, մշտապես բարձրաձայնում է, որ դե-յուրե Արցախն Ադրբեջանի մաս է կազմում: Այժմ՝ առաջարկելով արցախահայերին փախստականի կարգավիճակ տրամադրել, ադրբեջանցի պատգամավորները գործնականում առաջարկում են Արցախն Ադրբեջանից անկախ ճանաչել: Ի վերջո փախստականն այն անձն է, ով, հանդիսանալով քո երկրի քաղաքացի, փաստացիորեն գտնվում է այլ երկրի տարածքում և իր քաղաքացիության երկիր վերադառնալու հարցում մտավախություն ունի:

Հասկանալի է, որ Ադրբեջանի խորհրդարանում հնչած նման կարծիքները, հազիվ թե, Բաքվի հավանությանն արժանան և իրական քաղաքականության մեջ էական փոփոխությունների հիմք հանդիսանան: Սակայն Ադրբեջանի օրենսդիր մարմնում նման կարծիքներիի բարձրաձայնումն ինքնին հետաքրքիր է և թույլ է տալիս եզրահանգել, որ ի հեճուկս Բաքվի կողմից իրականացվող բավականին ակտիվ քարոզչության ադրբեջանցիների շրջանում ամրագրվում է Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախ լինելու փաստի ընկալումը:  


© armedia.am