Բիձինա Իվանիշվիլին` «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիրն ու Վրաստանի նախկին վարչապետը, հերթական անգամ հանդես է եկել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հասցեին քննադատությամբ: Ինչպես РИА Новости-ն է հայտնում, սա առաջին անգամը չէ, որ Իվանիշիլին մեղադրում է նախագահին կառավարության և խորհրդարանի հետ մրցակցելու և նրանց գործին խանգարելու մեջ:
«Արդեն մի քանի անգամ ելույթ եմ ունեցել և ընդգծել նրա քաղաքական ոչ կոռեկտությունը, երբ նախագահ ընտրվելու հենց երկրորդ օրը նա հակադրվեց իր իսկ թիմին, որն էլ հենց նրան նախագահ էր դարձրել: Նման բան հնարավոր չէ մտաբերել միջազգային պատմության մեջ։ Այսօր նույնպես կարող եմ հիշեցնել հասարակությանը նախագահի՝ վետոներ կիառելու սովորությունները, նրա կամակորությունները Նյու-Յորք այցելելու կապակցությամբ: Մի խոսքով, կարելի է փաստել, որ նա ընդդիմություն է դարձել իր թիմին, սակայն չի բարձրաձայնում այդ մասին՝ չնայած ապացուցում է դա իր բոլոր քայլերով», - հայտարարել է Իվանիշվիլին: