ԱՄՆ իսրայելամետ խմբավորումները թերահավատորեն են մոտենում Նյու Ջերսիի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի նկատմամբ դատավարությանը՝ նշելով, թե պատահական չէ, որ այն իրականացվում է Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ: Հրեաների լոբբիստական ամենամեծ կազմակերպության՝ Հանրային կապերի իսրայելա-ամերիկյան կոմիտեի ներկայացուցիչները հայտարարել են, թե չեն դադարելու աջակցել դեմոկրատ սենատորին: Դեռևս մարտին կոմիտեի նիստերից մեկում ելույթի ժամանակ Մենենդեսը նշել էր, թե «երբ գործը վերաբերում է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների պաշտպանությանը, ոչ ոք չի կարող սահմանափակել իրեն՝ ոչ Իսրայելի թշնամիները, ոչ իր ընկերները, եթե նրանք սխալվում են»:
Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, երբ Օբամայի վարչակազմը նախաձեռնեց Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, Կոնգրեսում Մենենդեսը դրանց ամենաակտիվ ընդդիմախոսներից էր և մեծ թերահավատություն էր տածում դրանց նկատմամբ: Մենենդեսն անկաշկանդ քննադատում էր նախագահին՝ նույնիսկ նշելով, որ տպավորություն է, թե «վարչակազմի հռետորաբանությունը մշակվել է Թեհրանում»:
Այժմ դաշնային իշխանությունների կողմից նրան կաշառակերության մեղադրանք է ներկայացվել: Իսրայելական լոբբին շարունակում է նրան աջակցել՝ հիշեցնելով անմեղության կանխավարկածի մասին: «Կոնգրես մուտք գործելուց ի վեր սենատոր Մենենդեսն ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների խորացման ակնառու կողմնակիցն է եղել: Այս դժվար պահին անհրաժեշտ է հիշել, որ նա անմեղ է, քանի դեռ արդարադատությունը հակառակը չի ապացուցել»,-նշել է իսրայելա-ամերիկյան կոմիտեի խոսնակ Մարշալ Ուիթմանը: