ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Россия 24 հեռուստաընկերության «Мнение» հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Խոսելով ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի մասին` Սարգսյանն ասել է. «Մենք կիսում են համանախագահների կարծիքը, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ` պատերազմի: Սակայն ադրբեջանական կողմը ճիշտ հակառակն է անում: Մենք ականատես եղանք սահմանին լարվածության աճին` ամռանից սկսած: Ամեն դեպքում՝ այդ հարցով զբաղվող որևէ երկրի, պաշտոնական անձանց մոտ կասկած չկա, որ լարվածության աճի պատճառը Ադրբեջանն է: Ադրբեջանական կողմն ամբողջությամբ անտեսում է կարգավորման այն սկզբունքները, որ մեզ առաջարկել են համանախագահները: Եթե ադրբեջանական կողմը շարունակի իր արկածախնդրությունը, մենք չենք վախենա պատերազմելուց»:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նախագահը նշել է. «Մենք երբեք նախապայման չենք դրել Թուրքիայի առջև, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչման հետ կապված: Սակայն որոշ դրդապատճառներից ելնելով՝ թուրքական կողմը խուսափեց պատասանատվություն ստանձնել և վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները»: