Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը՝ ԵՆԱԲ-ը ստեղծվել է 2014թ. Չինաստանի նախաձեռնությամբ: Նրա կենտրոնակայանը նախատեսվում է բացել Պեկինում, իսկ կանոնադրային կապիտալը պետք է կազմի 10մլրդ դոլար:
Արդեն 52 երկիր, այդ թվում նաև ոչ ասիական, ցանկություն են հայտնել դառնալ բանկի հիմնադիր անդամ, որոնցից 31-ն արդեն ստացել են չինացիների համաձայնությունը: Արևմտյան երկրներից են՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան և այլն: Մարտի 31-ին բանկի անդամ դառնալու մասին հայտարարեց Ռուսաստանը: Այս որոշումը չինացի վերլուծաբանները համարում են «տրամաբանական և իմաստուն»՝ հաշվի առնելով երկու երկրների միջև շատ սերտ հարաբերությունները: Ռուսաստանը բանկի լիիրավ հիմնադիր-անդամ կդառնա ապրիլի 14-ին:
ԱՄՆ-ի համար մեծ հարված էր Եվրոպայի իր գործընկերների որոշումը: Նոր կառույցը կարող է մրցակից լինել Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին: Այսօր ԲՌԻԿՍ-ի զարգացման բանկը, Նոր մետաքսի ճանապարհի նախագիծը և ԵՆԱԲ-ն արևմտյան համակարգին այլընտրանքային ինստիտուտներ են դառնում:
ԵՆԱԲ-ի հաշվարկների մեծ մասը տարվելու է չինական յուանով, ինչը ամերիկյան դոլարի դիրքերը բավականին կթուլացնի: Վերլուծաբանների կարծիքով, դոլարն աստիճանաբար դուրս կմղվի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆինանսական շուկայից: Ռոյթերս գործակալությունը հաղորդում է, որ յուանը շատ շուտով (այս տարի) կդառնա համաշխարհային հիմնական արտարժույթ: Սա են պնդում նաև բրիտանական և գերմանական փորձագետները: