Հունաստանը շարունակում է զարգացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական օկուպացիայից կրած վնասների փոխհատուցման հարցը։
Այժմ Հունաստանի Խորհրդարանական հանձնաժողովը և Գերագույն դատարանը փորձում են հստակեցնել փոխհատուցման չափը, որը, որոշ տվյալների համաձայն, տատանվում է 269-332 միլիարդ եվրոյի սահմաններում։
Ընդ որում, հարկ է նշել, որ այդ փոխհատուցման չափը հունական իշխանությունների կողմից աստիճանաբար մեծացվում է։ Այսպես, մարտի սկզբին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել էր, որ Գերմանիան Աթենքին պետք է վճարի 160 մլրդ եվրո ռեպարացիա։ Նախօրեին՝ ապրիլի 6-ին, Հոնաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Դիմիտրիս Մարդասը հայտարարել է, որ վնասի գումարը կազմում է 278,7 մլրդ եվրո։ Աթենքը նաև բարձրացնում է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստական իշխանություններին տված պարտքը հետ վերադարձնելու հարցը։
Այս կապակցությամբ գերմանական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ռեպարացիաների վերադաձման հարցը փակված է ինչպես իրավաբանական, այնպես էլ քաղաքական տեսանկյուններից, քանի որ Աթենքը ճանաչել է 1990թ․ Գերմանիայի միասնականության վերականգման պայմանագիրը, որը չի նախատեսում ռեպարացիաների վերադարձ։
Գերմանիան Հունաստանին 1960-ական թվականներին վճարել է 115 միլիոն մարկ (67 միլիոն դոլար)՝ որպես 1941-1944 թվականներին օկուպացիայի ընթացքում կրած վնասի փոխհատուցում։ Այն ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ մահացել են սովից և գնդակահարվել են: Հունական կառավարությունը կարծում է, որ այդ փոխհատուցումը բավարար չէ:
Հունական իշխանությունների այս հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ Աթենքը հույս ունի Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հունաստանին ֆինանսական օգնության երկու ծրագրերի շրջանակում տրամադրած 240 մլրդ եվրո վարկը մարել ռեպարացիաների հաշվին։