Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով եղել է Սաուդյան Արաբիայում: Ալիևի անսպասելի այցը ժամանակային առումով համընկավ Եմենում Սաուդյան Արաբիայի և սուննիական այլ երկրների կողմից իրականացվող ռազմական գործողության, ինչպես նաև ողջ տարածաշրջանում լարվածության սրացման հետ: Հենց այս հանգամանքն էլ ստիպում է մտածել Ալիևի այցի նպատակների մասին:
Ադրբեջանի նախագահը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Իբն Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի և այլ պաշտոնատար անձանց հետ: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ջիդդայում Ալիևը հանդիպել է նաև Իսլամական զարգացման բանկի նախագահ Ահմեդ Մուհամեդ Ալիի և Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Իյադ բեն Ամին Մադանիի հետ: Նշենք, որ հենց այս կազմակերպության շրջանակներում Ադրբեջանը մշտապես հակահայկական քարոզչություն է իրականացնում: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ «Ադրբեջանի և ԻՀԿ-ի միջև բարձր մակարդակով համագործակցություն են իրականացնում»:
«Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը մեկնաբանելով Ալիևի այցը՝ սաուդացի քաղաքագետ Մուհամեդ Ալ-Սալամին հայտարարել է, որ պաշտոնական Էլ-Ռիյադի նպատակն է ամրապնդել հարաբերություններն Իրանի հարևան երկրների հետ, քանի որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագիրն առաջ է բերել սաուդացիների խիստ դժգոհությունը, գրում է haqqin.az-ը: Մյուս կողմից, Ադրբեջանը փորձում է բարելավել իր լարված հարաբերությունները Թեհրանի հետ, և այս համատեքստում Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների բարելավումը շահեկան է Ադրբեջանի համար: Անգամ ադրբեջանական SOCAR-ի նախագահը հայտարարել է, որ եթե Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն, իրանական գազը կարող է Եվրոպային մատակարարվել TANAP գազատարի միջոցով: Որոշ վերլուծաբաններ էլ կարծում են, որ Իրանի և Արևմուտքի միջև միջուկային համաձայնագիրը կնվազեցնի Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը:
Սուննիական Էլ-Ռիյադի հետ հարաբերությունների ընդլայնումը սպառնում է Ադրբեջանում ծայրահեղ իսլամի տարածմամբ, քանի որ Ադրբեջանում վահաբիզմը տարածվել է հենց տարբեր արաբական հիմնադրամների աջակցության միջոցով:
Ադրբեջանցի վերլուծաբանները կարծում են, որ տարածաշրջանային զարգացումների արդյունքում Ադրբեջանը ստիպված է լինելու մանևրել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև: Այս համատեքստում պատահական չէ Ադրբեջանի մտերիմ դաշնակից Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի գրեթե միաժամանակյա այցն Իրան: