«Հուսով ենք՝ կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմի պահպանմանը առաջիկա տոների, հիշատակի արարողությունների և տարածաշրջանում միջազգային միջոցառումների ընթացքում», - ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Դիվանագետը վկայակոչել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որոնք հավաստիացրել են, որ չեն դիմի ռազմական գործողությունների շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին։
«Դեռ մենք հնարավորություն չունենք ստուգելու կամ վերահսկելու, թե որքանով են կատարվում այդ պարտավորությունները, բայց հստակ է, որ կայունությունը դրական ազդեցություն կունենա բանակցությունների հետագա գործընթացում», - ասել է Ուորլիքը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի այս հավաստիացմանը հետևել է սահմանային հերթական միջադեպը, որի արդյունքում հակառակորդի արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել է է ավագ ենթասպա, 43-ամյա Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական իշխանությունները միջազգային հարթակներում խոստանում են պահպանել հրադադարի ռեժիմը, սակայն իրականում շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի և ԼՂՀ դեմ՝ այն զուգահեռելով ակտիվ հռետորաբանությամբ։
Հիշեցնենք նաև, որ 2012թ․ ԼՂՀ հանդես էր եկել կրոնական տոների ժամանակ (ինչպիսիք են Զատիկը և Նովրուզը) շփման գծերից հետ քաշել դիպուկահարներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից։ Ադրբեջանական կողմը, սակայն, անտեսել էր ղարաբաղյան իշխանությունների այս կոչը։
Ընդհանրապես հակամարտության պատմության ողջ ընթացքում Բաքուն բացառապես մերժել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման ցանկացած առաջարկ։
Ավելացնենք նաև, որ միջազգային փորձում դեռևս անտիկ ժամանակներից լայնորեն կիրառվում է հակամարտությունների, պատերազմների ժամանակավոր դադարեցումը միջազգային կարևոր իրադարձությունների, ինչպես օրինակ՝ Օլիմպիական խաղերի ժամանակ։ Սակայն վերջին ժամանակներում այս ավանդույթը պարբերաբար խախտվում է։ Չնայած տարաբնույթ խոստումներին և լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցմանը՝ տեղային կռիվները շարունակվում են։ Նման զարգացումների մենք ականատես դարձանք ինչպես սիրիական, այնպես էլ ուկրաինական հակամարտությունների ժամանակ։