Հայոց ցեղասպանություն` դաս, որը չյուրացվեց. The Jerusalem Post

10:42     8 ապրիլի, 2015

Իսրայելական The Jerusalem Post պարբերականը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծավալուն թեմատիկ հոդված է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է Tert.am գործակալությունը՝ ներկայացնելով հատվածներ հոդվածից: 

Հոդվածում մասնավորապես ասվում է․ «Ադոլֆ Հիտլերը ժամանակին ասել է. «Վերջիվերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»: Նրա այս խոսքերը ժամանակակից աշխարհին նույնքան բնորոշ են, որքան այն ժամանակ. չարիքին դիմակայելու ձախողումն ուժ է տալիս չարիքին:

Մարդու էությանը բնորոշ է կարծել, թե «չարիքը» վաղ անցյալին վերագրվող գաղափար է, սակայն իրականում այն մեր իրականության, մարդու էության մի մասն է, որը ժամանակ առ ժամանակ այնքան ակնհայտ է երևում: Չարիքը չճանաչելով ու դրա դեմը չառնելով` մենք նպաստում ենք դրա բարգավաճմանը»։

Հոդվածի հեղինակը ափսոսանք է հայտնում, որ չնայած բազմաթիվ ապացույցների առկայությանը` դեռևս գտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր ամբողջովին ժխտում են Հայոց ցեղասպանությունը:

«Հարյուր տարի անց ոչ ոք չի դատապարտել Օսմանյան կայսրությանն ու դրա անմիջական հետնորդին` Թուրքիային, իրենց գործած վայրագությունների համար: Որքան էլ ապշեցուցիչ է հնչում, սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելն ու ԱՄՆ-ն, ևս չեն ճանաչել սարսափելի այդ դեպքերը»:

«Իսկ ո՞վ է ասելու «այլևս երբեք» հայ ժողովրդի համար: Մենք ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք Հոլոքոստի սարսափների մասին` պահանջելով փոխհատուցում: Մենք արդարություն ենք պահանջում Ռուանդայի ցեղասպանության համար: Մենք քայլեր ենք ձեռնարկում ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ խտրական վերաբերմունքը փոխելու համար: Մենք բողոքում ենք Դարֆուրում զանգվածային սպանությունների դեմ ու դատում նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում:

Սակայն վայրագությունները շարունակում են տեղի ունենալ, իսկ միջազգային կառույցները լռում են: Ինչո՞ւ: Որովհետև ոչ ոք չի ցանկանում ընդունել չարիքի գոյությունը: Այս նույն պատճառով 100 տարի անց Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչված պատմական փաստ է»,-գրում է հեղինակը», ասվում է հոդվածում:

Այնուհետև նա ներկայացնում է մի շարք պատմական փաստեր Ցեղասպանության վերաբերյալ` հիշեցնելով, որ դրա սկիզբը դրվել է ոչ թե 1915թ., այլ շատ ավելի վաղ` 1890-ականներին:

 «Այժմ մենք պետք է համախմբվենք հանուն բարոյական արդարության և հիշենք, որ չարիքը մեր պատկերացրածից էլ ավելի լուրջ ու իրական վտանգ է: Չարիքի դեմն առնելու համար մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունն ու պատասխանատվության ենթարկենք մարդկության դեմ գործած այդ հանցանքի հաշվետուներին: «Այլևս երբեքը» հայերին էլ է վերաբերում»,- եզրափակում է հոդվածագիրը:


© armedia.am