Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան շարունակում է ավիահարվածներ հասցնել Եմենում շիական Ալ-Խոուսի շարժման դիրքերի ուղղությամբ: Չնայած ակտիվ հարվածներին և Սաուդյան Արաբիայի կողմից եմենա-սաուդական սահմանի ամրապնդմանը՝ խոուսիները շարունակում են իրենց առաջխաղացումը հարավային Ադեն քաղաքի ուղղությամբ, որտեղ ակտիվ մարտեր են ընթանում: Ակտիվացել է Ալ-Կաիդա շարժումը, որն իր վերահսկողությունն է հաստատել Եմենի Հադրամաութ նահանգի վրա:
Կոալիցիայի կողմից իրականացվող ավիրահարվածների հետևանքով տասնյակ անմեղ մարդիկ են զոհվում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախօրեին առաջին մարդասիրական օգնությունն է հասցրել Եմեն: ՄԱԿ-ի ԱԽ-ն շարունակում է դիտարկել այն 2 բանաձևերի նախագծերը, որոնք ներկայացվել են համապատասխանաբար Ռուսաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի կողմից:
Արդյունքում Եմենի ճգնաժամը նոր քաոս է առաջացրել տարածաշրջանում, որն առանց այն էլ «արաբական գարնան» սկսվելուց ի վեր չի կարողանում ուշքի գալ: Մասնագետները Եմենում դիտարկում են շիական Իրանի և սուննիական Սաուդյան Արաբիայի բացահայտ առճակատումը, սակայն այս պետությունները հակամարտող միակ կողմերը չեն: Ալ-Խոուսի շարժման առաջնորդ Աբդուլմալիք Ալ-Խոուսին հայտարարել է, որ «Իսրայելն ու ԱՄՆ-ը կանգնած են Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտության ետևում»: «Այս ագրեսիան ոչնչով արդարացված չէ», - Խոուսի շարժման առաջնորդի խոսքերը մեջբերում է I24NEWS-ը:
Իսրայելն ուղղակիորեն ներգրավված չէ Եմենի ճգնաժամում, սակայն անուղղակիորեն աջակցելով Սաուդյան Արաբիային՝ ցանկանում է հերթական անգամ հարված հասցնել Իրանին և իրանական միջուկային ծրագրի շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրման համատեքստում ցույց տալ Արևմուտքին, թե ինչ «ապակայունացնող քաղաքականություն է վարում Իրանը տարածաշրջանում»: Սա ևս մեկ գործոն է, որն ինքնաբերաբար մոտեցնում է Իսրայելի և Սաուդյան Արաբիայի դիրքորոշումները տարածաշրջանում: