Լավրովը բացառում է Ղարաբաղում պատերազմի հնարավորությունը

14:08     8 ապրիլի, 2015

Ոչ ոք չի ուզում, որ հակամարտությունը Ղարաբաղում անցնի տաք փուլի, այսօր` ապրիլի 8-ին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ, փոխանցում է TACC-ը:

«Մտքներովս էլ չենք անցկացնի, թե հակամարտությունը կտեղափոխվի տաք փուլ: Համոզված եմ, որ չնայած հռետորաբանությանը՝ շահագրգիռ կողմերից ոչ մեկը դա չի ուզում», -ասել է Լավրովը:

«Բոլոր գործողություններն ուղղված են հնարավորինս շուտ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելուն», - նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Հայաստանի և Ադրբեջանի համար փոխադարձաբար ընդունելի հիմքի վրա կարգավորման պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Լավովը ևս մեկ անգամ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերն այս ուղղությամբ։

Նալբանդյանը նույնպես շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում բանակցություններին այլընտրանք չկա:

«Ադրբեջանը մինչ օրս մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման էության, և՛ վստահության միջոցների ամրապնդման առնչությամբ, բայց բանակցություններին այլընտրանք չկա», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Նախարարները կարևորել են նաև երկու երկրների միջև համագործակցության իրավապայմանագրային բազայի կատարելագործումը, առևտրատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները որակական նոր մակարդակի են բարձրացել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված :


© armedia.am