Սիրիայում շարունակվում են մարտերը ծայրահեղական տարբեր խմբավորումների և կառավարական զորքերի միջև: Հորդանանը հայտարարել է, որ փակում է Սիրիայի հետ սահմանը և լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում սահմանային գոտում: Երկրում խորանում է մարդասիրական ճգնաժամը: Քուվեյթում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված երրորդ միջազգային համաժողովի արդյունքում 3,8 միլիարդ ԱՄՆ դոլար է հավաքվել, որը, սակայն, ՄԱԿ-ի հաշվարկներով բավարար չէ սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար:
Այս համապատկերի վրա Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների երկրորդ փուլի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Մոսկվայում Սիրիայի պաշտոնական պատվիրակության և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջև: Հանդիպումը կայացել է փակ դռների ետևում: Սիրիայի պաշտոնական պատվիրակության ղեկավար Բաշար Ալ-Ջաֆարին հայտարարել է, որ սիրիական կառավարությունն ընդդիմադիր իր գործընկերներից հստակ դիրքորոշում է ակնկալում միջսիրիական երկխոսություն իրականացնելու համար:
Նա նշել է, որ 4 տարի անց բոլորին պարզ է դարձել, որ Սիրիան՝ որպես պետություն, ոչնչացման է ենթարկվում քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում: Ալ-Ջաֆարին հավելել է, որ այլևս ոչ մի խելամիտ մարդ չի մնացել, որ հավատում է, որ Սիրիայում «հեղաշրջում» է իրականացվում:
Ինչպես հայտնում է սիրիական տեղեկատվական SANA գործակալությունը, Ալ-Ջաֆարին հավելել է, որ վերջերս ծանոթացել է Թուրքիայի նախկին դատախազի ցուցմունքների հետ, ով պատմել է, որ հեռացվել է իր պաշտոնից Սիրիայի ահաբեկիչներին զինամթերքի մատակարարման մասին գործողությունը բացահայտելու համար: Թուրք դատախազը նշել է, որ Էրդողանն անձամբ է վերահսկել Սիրիայում զինյալներին զինամթերք մատակարարելու գործընթացը:
Միաժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը փոխել է իր դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ: Նա ընդգծել է, որ սիրիացիներն Ասադի մեջ երաշխիքներ են տեսնում, որ Սիրիան չի դառնալու Լիբիա: Լավրովը ողջունել է այն հանգամանքը, որ «ավելի շատ ընդդիմադիր խմբեր են համաձայնվում հակամարտության կարգավորման համար քաղաքական հարթակ փնտրելու անհրաժեշտության հետ»: Նա հույս է հայտնել, որ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում ևս լրացուցիչ առաջընթաց կգրանցվի: