Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Российская газета»-ին տված հարցազրույցում նշել է, որ Վրաստանի նոր ղեկավարությունը ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությությունները կառուցել պրագմատիկ հիմքի վրա:
«Ընդհանուր առմամբ մենք նորմալ զարգացնում ենք մեր կապերն այնպիսի պայմաններում, երբ մեր երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները: Ապագայի համար կարևոր է, որ Վրաստանն ազատվի նախկին հակառուսական վարչակարգի բեռից, ով հյուսիսային հարևանին նույնացնում էր չարիքի հետ: Իրական կյանքում այդպես անհնար է ապրել: Դա քաղաքական տկարամտության օրինակ է: Առավել ևս, երբ դու ապրում ես մի փոքր երկրում` մեծ տերության հարևանությամբ, անհրաժեշտ է ռացիոնալ կերպով համեմատել սեփական աշխարհաքաղաքական ձգտումներն իրական կյանքի հետ: Հակառակ դեպքում քո ազգին տանում ես փորձության»,- մեջբերում է թերթը:
«Վրաստանի նոր ղեկավարությունը ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել պրագմատիզմի հիմքով»,-նշել է Կարասինը: Ըստ նրա` ռուսական կողմին անհանգստացնում է այն, որ Վրաստանի տարածքում հայտնվել են «ՆԱՏՕ-ի խորհրդավոր ուսումնական կենտրոններ», հնչում են հայտարարություններ, որ անհրաժեշտ է արագացնել ՆԱՏՕ-ին անդամակցումը և այլն: «Մենք այս ամենը հաշվի ենք առնում և տեսնում ենք դիրքորոշման դուալիզմը: Միաժամանակ, մենք հենվում ենք նրա վրա, որ Վրաստանի ղեկավարությունը հետաքրքրված է Ռուսաստանի հետ պրագմատիկ հարաբերություններ ունենալու հարցում: Մենք ևս հետաքրքրված ենք և ցանկանում ենք Վրաստանի հետ ապրել խաղաղության և համաձայնության մեջ»,- հայտարարել է դիվանագետը:
Կարասինն անդրադարձել է նաև Կարասին-Աբաշիձե ձևաչափի արդյունավետության խնդրին: «Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ ունեցել ենք ինը հանդիպում: Նա բավական հավասարակշված և փորձառու է: Հանդիպումների ժամանակ մենք չենք անդրադառնում այն հարցերին, որոնք այս իրավիճակում անհնար է լուծել և կենտրոնանում ենք երկկողմ հարաբերությունների այնպիսի կիրառական հարցերի վրա, ինչպիսիք են` տրանսպորտը, ավիացիան, հումանիտար շփումները, վիզային խնդիրները, վրացական գինու և հանքային ջրի արտահանումը»,- նշել է Կարասինը: